Որոշ վնասակար սովորություններ, բացի վնաս բերելուց, նաեւ շատ ժամանակ են խլում: Բրիտանացի գիտնականները հաշվել են, թե դրանք կոնկրոտ որքան ժամանակ են խլում մարդուց:

Պարզվում է, որ վնասակար սնունդ, ալկոհոլ օգտագործելը, ծխելն ու հեռուստացույց դիտելը չարաշահելը ամեն օր մարդու կյանքից խլում է 1,5 ժամ: Նման եզրահանգման հանգեցրած հետազոտությունն անցկացվել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Դեւիդ Սփիջելհելթերի գլխավորությամբ: Նա փորձել է մեթոդ մշակել, որը կգնահատի ամենօրյա սովորությունների ազդեցությունը կյանքի տեւողության վրա:

Պարզվել է, որ մեկ «միկրոկյանքը» (հավասար է կյանքի տեւողության 30 րոպեին) գնում է օրական երկու ծխախոտ ծխելու կամ մեկ բուրբեր ուտելու, կամ ամեն օր երկու կամ ավելի դոզայով ալկոհոլ օգտագործելու, ինչպես նաեւ օրական երկու ժամից ավելի հեռուստացույց դիտելու վրա, գրում է MedikForum-ը:

Միաժամանակ, «միկրոկյանքը» կարելի է ոչ միայն կորցնել, այլեւ՝ ձեռք բերել, եթե օգտակար սնունդ ընդունեք, զբաղվեք սպորտով, նվազեցնեք խոլեստերինի քանակն օրգանիզմում եւ այլն:

Հիշեցնենք, որ ժամանակակից գիտությունը ենթադրում է, որ բարձր տարիքում առողջ կենսակերպ վարելը կարող է տղամարդկանց կյանքը երկարեցնել 6, իսկ կանանցը՝ 5 տարով: