Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման վերընտրվել է երկրում իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսի առաջնորդ, ինչը փաստացի երաշխավորում է 2014-ին նախագահի երկրորդ ժամկետում ընտրվելը:
Զուման ստացել է 2983 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ փոխնախագահ Կգալեմա Մոտլանտեն, 991 ձայն: Արդյունքում Մոտլանտեն լքում է Կոնգրեսի ղեկավարությունը, քանի որ նա հրաժարվել է երկրորդ ժամկետով ընտրվել իշխող կուսակցության փոխնախագահ: Նրա փոխարեն Աֆրիկյան ազգային կոնգրեսի երկրորդ մարդը կդառնա գործարար եւ Զումայի կողմնակից Սիրիլ Ռամաֆոզան, ով ստացել է 3018 ձայն:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Զուման ընտրություններում հաղթելու համար դիմել է նախնիների ոգիների օգնությանը: Դրա համար երկրի նախագահը մեկնել է իր հայրենի գյուղ, որտեղ աղոթքների ուղեկցությամբ 12 կով է զոհաբերել:
Ջեյքոբ Զուման իշխող կուսակցության ղեկավար է դարձել 2007-ին, այդ պաշտոնում փոխարինելով Տաբո Մբեկիին: Դրանից երկու տարի անց Զուման փոխարինել է Մբեկիին նաեւ երկրի նախագահի պաշտոնում:




























