Իրաքի Ագ նախարար Հոշիյար Զիբարին հերքել է ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված լուրը, ըստ որի Իրաքի 79-ամյա նախագահ Ջալալ Թալաբանին մահացել է: Իրաքի առաջնորդի վիճակը, ով այսօր կաթված է ստացել եւ տեղափոխվել Բաղդադի հիվանդանոցներից մեկը, կայունացել է, ասել է ԱԳ նախարարը, հաղորդում է Al Arabiya-ն:

Իրաքի նախագահի առողջական խնդիրների մասին առաջին տեղեկություններն սկսել են ստացվել դեկտեմբերի 18-ի գիշերը. նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Ջալալ Թալաբանին հիվանդանոց է տեղափոխվել «առողջության կտրուկ վատացման» պատճառով: Լրատվամիջոցները հայտնել են, որ Իրաքի նախագահը կաթված է ստացել, կորցրել գիտակցությունը եւ հիմա գտնվում է կոմայի մեջ:

Ավելի ուշ լրատվամիջոցները՝ վկայակոչելով Baghdad TV-ն, հայտնել էին, որ նախագահն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում:

Ինչպես գրում է RBK-ն, Թալաբանին վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ է ունի եւ բազմաթիվ անգամ բուժման նպատակով մեկնել է արտասահման: 2007-ին նա բուժում է անցել Հորդանանում, 2008-ին սրտի վիրահատության է ենթարկվել ԱՄՆ-ում:

Թալաբանին Իրաքի ազգությամբ քուրդ առաջին նախագահն է: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2005-ից: