IBM-ի աշխատակիցներն իրենց տեսլականն են ներկայացրել, թե ինչպիսին կլինի համակարգիչը 2018 թվականին. նրանց կարծիքով, դրանք կունենան բոլոր 5 զգայարանները:
Շոշափելի եւ ինֆրակարմիր տեխնոլոգիաները կընդլայնեն սենսորային էկրանի հնարավորություններն այնպես, որ նոր սարքերը կարող են հպման պատրանք ստեղծել, հայտարարել է IBM-ի գլխավոր տեխնոլոգ Բեռնարդ Մեյերսոնը, գրում է The Daily Mail-ը:
«Այսօր մենք թեւակոխում ենք իմացական հաշվիչ համակարգերի դարաշրջան, երբ մեքենաներն օգնում են մեզ մտածել: Այդ տեխնոլոգիական առաջընթացի ամենաինտրիգային ասպեկտներից մեկն այն է, որ մենք կարող ենք համակարգչի հետ կիսել մարդկային ուղեղի աջ կիսագնդի որոշ ունակություններ: Միտքն այն չէ, որ համակարգիչը կրկնի մարդկային ուղեղը: Մեքենաները կսկսեն ավելի ռացիոնալ եւ տրամաբանված մտածել: Մենք դրանց կօժտենք մտածելու, դատելու, զգալու ունակություններով, ինչպես նաեւ բարոյական արժեքներով»,-ասել է գիտնականը:
«Երբ դուք զանգահարում եք ձեր ընկերոջը եւ պատմում ձեր գործերից, ձեր հեռախոսը այդ պատմությունը կիմանա ամբողջ ծավալով: Սենսորները շուտով կորոշեն հոտերը եւ դրանց կենսամարկերները, որոնք խոսում են ձեր առողջական վիճակի մասին»,-ասել է IBM-ի գիտաշխատող Լավա Վարշնին:
Ավելի վաղ ֆինն մասնագետները որոշել են հեռախոսներին օժտել տակտիլ զգացողություններ փոխանցելու կարողությամբ: Nokia Research-ը, Հելսինկիում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համատեղ արդեն մշակել է նոր հեռախոսի առաջին նմուշը, որն ունակ է տարբերել օգտագործողի ձեռքով սեղմման 4 մակարդակները եւ համապատասխան ազդանշանը փոխանցել այլ հեռախոսի: Նոր հեռախոսը մշակողները նշում են, որ իրենց ստեղծագործությունը կօգնի սմարթֆոնների նոր սերնդին փոխանցել իրենց տերերի զգացմունքները:





























