Ամենաժողովրդավարական երկրների վարկանիշում, որն ամեն տարի հրապարակում է ավստրիական Democracy Ranking կազմակերպությունը՝ ելնելով քաղաքական, տնտեսական, գենդերային եւ այլ չափանիշներից, Հայաստանը հայտնվել է 89-րդ տեղում՝ 104 երկրների շարքում: Մեր հարեւան Վրաստանը 58-րդ տեղում է, Ադրբեջանն ընդհանրապես ցանկում չկա, իսկ Թուրքիան 65-րդ տեղում է:

Ռուսաստանը գրավել է 88-րդ հորիզոնականը, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ ժողովրդավարական համարվող ԱՄՆ-ը դուրս է մնացել առաջին 10-յակից, գրում է The Washington Times-ը:

ԱՄՆ-ն այս վարկանիշում 15-րդ տեղում է հայտնվել, զիջելով ոչ միայն եվրոպական երկրներին, այլեւ իր հարեւան Կանադային: Նախորդ տարի ԱՄՆ-ը 14-րդ հորիզոնականում է եղել:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում քաղաքական ցուցանիշները, գենդերային հավասարության վիճակը, տնտեսական նախաձեռնությունները, առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի վիճակը:

104 երկրից կազմված ցուցակը գլխավորում են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան: 10-յակում են նաեւ Շվեյցարիան, Դանիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Գերմանիան, Իռլանդիան եւ Ավստրիան:

Նախորդ տարվա համեմատ իրենց դիրքերն ամենից շատ զիջել են Հունգարիան, Բահրեյնը, Հոնդուրասը, Լատվիան, Ուկրաինան, Շրի Լանկան, Իտալիան, Հունաստանն ու Մեքսիկան: Առաջընթաց են արձանագրել արաբական գարուն ապրած երկրները: