Մեքսիկացի հնագետները երկրի արեւմտյան Սոնորա նահանգում պեղումների ժամանակ հետաքրքիր գերեզմանոց են գտել: Շուրջ 1000 տարեկան գերեզմանոցում 25 մարդու մնացորդներ են եղել՝ չափից դուրս դեֆորմացված գանգերով: Նրանք ավելի շատ ոչ թե մարդկանց են հիշեցրել, այլ «Օտարը» ֆիլմի պերսոնաժներին: Շատ կմախքների մոտ վնասված են եղել նաեւ ատամները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, գիտահետազոտական նախագծի տնօրեն Քրիստինա Գարսիա Մորենոն ենթադրել է, որ «մեզոամերիկյան մշակույթում գանգի դեֆորմացումն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է, որպեսզի տարբերեն սոցիալական մի խումբը մյուսից եւ ծիսական նպատակներով»:

Ինչ վերաբերում է ատամների վնասվածքներին, դրանք, տեսության համաձայն, վնասվել են կենդանության օրոք, երբ նրանք դեռ դեռահասներ են եղել: «Ատամները վնասելը համարվել է դեռահասության շրջանի արարողակարգ»,-ասել է Մորենոն, հաղորդում է Utro.ru-ն:

Հնագետի ներկայացմամբ՝ պատմական աղբյուրների համաձայն, գերեզմանոցի վայրը պետք է որ պատկանելիս լիներ պիմաս ցեղի հնդկացիներին: