ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները Մոսկվայի նիստի ընթացքում ընդունել են մի շարք փաստաթղթեր, որոնց թվում է ՀԱՊԿ խորհրդի «մինչեւ 2020թ. ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» որոշումը:
Ըստ ՀԱՊԿ խորհրդի նիստի արդյունքների՝ կողմերը նաեւ որոշում են ստորագրել «ՀԱՊԿ միավորված շտաբի ղեկավարի մասին», «ՀԱՊԿ քարտուղարի ամենամյա զեկույցի մասին», «ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցության մասին», «Աֆղանստանում իրադրության զարգացման գնահատման եւ այդ երկրից ծագող սպառնալիքներին հակազդելու մասին»:
Նիստի ավարտին հաստատվել է նաեւ «Արտակարգ իրավիճակներում ՀԱՊԿ երկրների համակարգերի զարգացման հիմնական ուղղությունների մասին», որոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի դրանից, ՀԱՊԿ անդամ երկրների համար մասնագետներ պատրաստելու նպատակով բազային կրթական հաստատությունների մասին փաստաթուղթ է ստորագրվել: Ընդհանուր առմամբ, ստորագրվել է 18 փաստաթուղթ:





























