ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Տարվա մարդ է ճանաչվել՝ Time ամսագրի վարկածով: Ամսագրի խմբագրության կարծիքով, նրան հաջողվել է օգտվել երկրում փոփոխություններից եւ ստանալ ինչպես սեւամորթ, այնպես էլ՝ սպիտակամորթ ընտրողների ձայները: Թվարկելով երկրի առջեւ նրա արժանիքները, ամսագիրը նրան անվանել է «Նոր Ամերիկայի խորհրդանիշը եւ, ինչ-որ առումով, ճարտարապետը»:
Նախկինում՝ 2008-ին, ԱՄՆ նախագահն արդեն մեկ անգամ ստացել է Տարվա մարդ տիտղոսը Time-ի վարկածով: Նա այն ժամանակ առաջին անգամ հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում, հիշեցնում է Lenta.ru-ն:
Բացի Ամերիկայի առաջնորդից, «Տարվա մարդ» տիտղոսի հավակնորդների ցանկում էին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նրա ամուսին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, Apple-ի գլխավոր տնօրեն Թիմոթի Քուքը, ինչպես նաեւ պակիստանցի կին բլոգեր Մալալա Յուսուֆզայը, ով հայտնի էր դարձել թալիբների կողմից հարձակման ենթարկվելուց հետո: Time-ի շապիկին կարող էր հայտնվել նաեւ Հիգզի բոզոնը.
Ավելի վաղ ամսագրի ընթերցողները տարվա մարդ էին կոչել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որը երկիրը ղեկավարում է շուրջ 1 տարի:




























