Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին կառավարությունում, Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարեւոր թիրախներ են»: Վարչապետն ընդգծել է, որ   Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի հետ հետագա  համագործակցությամբ եւ մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմամբ:

Իր հերթին Սիլվիա Զեհեն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների զարգացման ու ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման բնագավառներում փոխշահավետ եւ արդյունավետ  համագործակցության համար:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տիկին Զեհեին մեր երկրում կատարած մեծածավալ աշխատանքների համար եւ մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեությունում: