Դեկտեմբերի 21-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») եւ GIZ–ի Հարավային Կովկասում տնտեսության խթանում  ծրագիրը կստորագրեն մտադրությունների հուշագիր, որով կմեկնարկի Հայաստանի սահմանային անցակետերի զբոսաշրջության լայնածավալ հետազոտություն:

Սա 2007թ.-ից ի վեր երկրորդ հետազոտությունն է, որը կիրականացվի 2013թ. հունվարից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներ կկատարվեն Բագրատաշեն, Մեղրի, Այրում եւ Բավրա սահմանային անցման կետերում, ինչպես նաեւ Երեւանի Զվարթնոց եւ Գյումրի օդանավակայաններում: Հետազոտությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջության ոլորտի  դրական եւ բացասական կողմերի բացահայտմանը, զբոսաշրջության ռազմավարության վերանայմանը, ինչպես նաեւ զբոսաշրջային նոր փաթեթների մշակմանը:

Հուշագիրը կստորագրեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը,  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, , ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն եւ GIZ-ի Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար Դագմար Բոտը: