Ռուսաստանի Պետդուման «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների խախտմանը մասնակից անձանց վրա ազդելու միջոցների մասին» օրենքում (որը հայտնի է նաեւ որպես «Դիմա Յակովլեւի օրենք») փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է որդեգրել ռուս որբերին:
Փոփոխությունն ընդունվել է դեկտեմբերի 19-ին՝ երկրորդ ընթերցմամբ: «Դեմ» են քվեարկել 350 խորհրդարանականներից միայն 17-ը (գրեթե բոլոր «դեմ» քվեարկողները «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամներ են եղել):
Բացի դրանից՝ նաեւ այլ փոփոխություն է ընդունվել, ըստ որի դադարեցվում է ՌԴ-ում այն բոլոր քաղաքական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ից: Նաեւ ռուս-ամերիկյան երկքաղաքացիություն ունեցող ռուսներին արգելվել է լինել ՀԿ-ի անդամ կամ նախագահ, հաղորդում է rbc-ն:
Պատգամավորները նաեւ փոփոխություն են ընդունել, որով ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ օրենքի գործողությունները չեն սահմանափակում, այլ տարածվում են ռուսների իրավունքները խախտողների վրա՝ անկախ քաղաքացիությունից:
«Դիմա Յակովլեւի օրենքի» վերջնական քննարկումը նախատեսված է ուրբաթ՝ դեկտեմբերի 21-ին: Օրենքի ընդունման դեպքում ամերիկացիների կողմից ռուս որբերի որդեգրման արգելքը կարող է ուժի մեջ մտնել արդեն 2013թ. հունվարի 1-ից:




























