Զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցությունը եւ գործողությունների ներդաշնակումն ապահովելու, զինծառայողների եւ ոստիկանության ծառայողների ունակություններն ու հմտությունները կատարելագործելու  նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով դեկտեմբերի 17-ից 19-ը «Արզնի» օդանավակայանի տարածքում` «Ոստիկանության համահավաք ջոկատի գործողությունները զանգվածային  անկարգությունների կանխման եւ խափանման ընթացքում» թեմայով կազմակերպվել եւ անցկացվել է   հրամանատարաշտաբային  զորավարժություն` ոստիկանության  ստորաբաժանումների եւ ոստիկանության զորքերի ծառայողների մասնակցությամբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե զորավարժության  կազմակերպման եւ  անցկացման  նպատակով  ստեղծվել էր օպերատիվ շտաբ` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ղեկավարությամբ:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ զորավարժության գլխավոր փուլը, որին նախորդեց հատուկ տեխնիկայի ցուցադրությունը: Բուն զորավարժության ընթացքում ստորաբաժանումները, նախնական պլանի համաձայն, լիարժեք իրականացրին   առաջադրված խնդիրները:

Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցավ կազմակերպչական պատշաճ մակարդակով:

Վարժանքների ընթացքում  առավել աչքի ընկած ծառայողները ՀՀ ոստիկանության պետի եւ ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացան պարգեւների:

Զորավարժության ավարտին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: