Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսիին` վերջինիս խնդրանքով: Ողջունելով դեսպանին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը «Հայաստանում սպանդանոցների զարգացման աջակցության» ծրագրին օժանդակելու համար եւ հույս հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում Հունաստանի Հանրապետության աջակցությունը շարունակական բնույթ կկրի:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպանը նշել է. «Իմ երկիրը` Հունաստանը, միշտ կլինի Ձեր կողքին , որպեսզի վճռականորեն եւ իր տնտեսական հնարավորությունների շրջանակներում նպաստի Հայաստանում սպանդանոցների զարգացման աջակցության ծրագրի իրականացմանը եւ օգտակար լինի Հայաստանի քաղաքացիներին»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու դեսպան Իոաննիս Տայիսին հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ Հունաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում երկու` սննդամթերքում մնացորդային թունաքիմիկատների վերահսկողության եւ ընպելիքների հավաստագրման լաբարատորիանների ստեղծման հնարավորինս արագ ընթացք տալու հնարավորությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի եւ ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Հանդիպման ավարտին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը եւ դեսպան Տայիսին անդրադարձել են երկու երկրների գյուղատնտեսության ներկայիս վիճակին, եւ ներկայացրել երկու երկրներում ոլորտի հետագա զարգացմանն ուղղված կառավարությունների կողմից տարվող աշխատանքները:




























