Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը խոստացել է ընդունել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին, եթե վերջինս ՌԴ քաղաքացիություն ստանա:
«Ժերար Դեպարդիեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, որի համար նա ունի իր պատճառները: Հակառակ դեպքում դերասանն այդպես չէր վարվի: Ես մտադիր չեմ քննարկել այդ արարքը, բայց կարող եմ միանշանակ հայտարարել, որ մենք պատրաստ ենք ընդունել մեծ արտիստին»,-լրագրողներին ասել է Քադիրովը:
Նա նաեւ ասել է, որ անձամբ ծանոթ է Դեպարդիեի հետ եւ սիրում է նրա մասնակցությամբ ֆիլմերը: «Եթե երկրի ղեկավարությունը դրական որոշում կայացնի եւ նրան ՌԴ քաղաքացիություն տա, մենք ուրախ կլինենք մշակույթի մեծ գործչին արժանի պայմաններ ապահովել մեր հանրապետությունում»,-ամփոփել է Չեչնիայի ղեկավարը:
Նա միաժամանակ հիշեցրել է, որ Դեպարդիեն Գրոզնի էր ժամանել այս տարվա հոկտեմբերին՝ մասնակցելու համար Չեչնիայի մայրաքաղաքին նվիրված տոնական միջոցառումներին: «Նա մեծառառով մարդ է, հումանիստ եւ յուրաքանչյուր երկիր, իմ կարծիքով, առանց մտածելու, կբացի իր դռները նրա առջեւ»,-իր տպավորություններն է կիսել Քադիրովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժերար Դեպարդիեն, ով մի քանի օր առաջ հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, կարող է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դերասանը, քննարկելով նման հնարավորությունը, հայտարարել է, որ ինքն արդեն ունի ՌԴ քաղաքացու անձնագիր, որն «իրեն է ուղարկել Վլադիմիր Պուտինը»:





























