Պակիստանում բժիշկների դեմ որս է սկսվել, այստեղ վերջին երկու օրում 6 բժիշկ է սպանվել, որոնք պոլիոմելիտի դեմ պատվաստումով էին զբաղված:
Դեկտեմբերի 18-ին, 20 րոպեում, Կարաչի քաղաքի տարբեր հատվածներում գնդակահարել են 4 կին բժշկի: Եվս մեկ կին սպանվել է Փեշավարում, իսկ Կարաչիում հարձակման զոհ է դարձել մի տղամարդ բժիշկ: Դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել գնդակահարությունների պատասխանատվությունը:
Պակիստանն աշխարհի այն երեք երկրներից մեկն է, որտեղ պոլիոմելիտը համաճարակային հիվանդություն է: Այն շարքից հանում է մարդու նյարդային համակարգը եւ պարալիչ առաջացնում:
Նախատեսվում էր, որ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող եռօրյա ակցիայի շրջանակներում Պակիստանում պատվաստում կանցնի 5,2 մլն մարդ: Ներկայումս Կարաչիում դադարեցվել է պատվաստումների միջազգային ծրագիրը, հաղորդում է «Նովիե իսվեստիան»:
Պակիստանում պատվաստումների հակառակորդներ կան արմատական իսլամիստների շրջանում, որոնք համարում են, որ դա երկրի բնակչությանն ամլացնելու Արեւմուտքի պլանի մի մասն է: Բացի այդ, որեւէ տեսակի պատվաստումը հակասում է իսլամի նորմերին:





























