ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է հանձնաժողով ստեղծել Քոնեքթիքութի նահանգի Նյութաունի տարրական դպրոցում զանգվածային գնդակահարությունների գործով: Հանձնաժողովի մյուս նպատակը զենքի կիրառմամբ բռնության խնդիրների լուծման ուղիների որոնումը կլինի:

Ինչպես հաղորդում է BBC-ն, նախագահը Սպիտակ տանն ունեցած իր լույթում հայտարարել է, որ ամերիկացիների մեծ մասը կողմ է զենքի օգտագործման վերաբերյալ երկրի օրենսդրության փոփոխությանը: Օբաման ընդգծել է, որ հետաքննության արդյունքները պետք է լինեն հունվարից ոչ ուշ:

ԱՄՆ նախագահն անհրաժեշտ է համարում զենքի վաճառքի վերահսկողության խստացումը: «Զենք ձեռք բերող անձանց հսկողությունը պետք է ավելի խիստ ու մանրամասն լինի: Մարդիկ չպետք է հնարավորություն ունենան հեշտությամբ մարտական զենք ձեռք բերել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ զենքի վաճառքի հարցը հատկապես արդիական է դարձել Քոնեքթիքութի նահանգում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադամ Լանզան տարրական դպրոցում գնդակահարել էր 20 աշակերտի եւ 6 մեծահասակների: Դրանից առաջ նա տանը սպանել էր հարազատ մորը: