Դեկտեմբերի 19-ին Երեւանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել Ոստիկանության աշխատակիցների եւ IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակը Ոստիկանության կողմից բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին օժանդակելն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, IFES ներկայացուցիչները, մի շարք ոստիկաններ եւ հասարակական կազմակերպությունների անդամներ:
Բացման խոսքով հանդես է եկել IFES ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ով կարեւորելով գործընթացը, նշել է, որ աշխատանքը, որն այժմ արվում է իսկապես ողջունելի է, քանզի հետապնդում է մեկ կարեւորագույն նպատակ, այն է` հասարակությանը հուզող գլխավոր հարցերից մեկի`ընտրողների ցուցակների ճշգրտումը:
Հանդիպման ընթացքում հատկապես կարեւորվել է դռնեդուռ այցերի ծրագրի իրականացման շրջանակներում ուսուցանող-կամավորներին ոստիկանների կողմից մասնագիտական գիտելիքների եւ փորձի փոխանցման նշանակությունը` հետագայում ավելի լավ արդյունքների ապահովման հարցում:
Քննարկվել են նաեւ համատեղ գործողությունների ուղղությունները, միջոցառումների ժամանակացույցն ու կատարվող աշխատանքների ծավալը:











