Nature ամսագիրն ամփոփել է 2012 թվականի արդյունքները. այն տասը հոդված է հրապարակել, որտեղ ըստ Nature-ի, խոսվում է գիտության տեսանկյունից առավել հետաքրքիր եւ հայտնի մարդկանց մասին:

 «Տարվա մարդ» շարքը սկսում է CERN-ի գլխավոր տնօրեն Ռոլֆ Դիթեր Հոյերը, քանի որ առանց նրա դիվանագիտական ջանքերի Հիգսի բոզոնի բացահայտումն այդպես էլ  չէր կայանա:

Ցուցակում  ներկա  է նաեւ հոլանդացի վարակաբան Ռոն Ֆուշյեն, որն ստեղծել է «մկան գրիպը». Թռչնի H5N1 գրիպի վարակ, որն ընդունակ է օդակաթիլային ճանապարհով վարակել մարդկանց:

Nature-ը չէր կարող շրջանցել  մարսագնաց Curiosity-ին եւ ինժեներ Ադամ Ստելցներին, ով առաջարկել էր մարսագնացի վայրէջքն իրականացնել «երկնային վերամբարձ կռունկի» միջոցով, ինչը հաջողությամբ իրագործվել էր:

Nature –ը  չի մոռացել  նաեւ դատապարտված  իտալացի սեյսմոլոգներին: Հիշեցնենք,  2009թ.  մարտի 31-ին նրանք հայտարարել էին, որ լուրջ երկրաշարժ չի սպասվում, սակայն վեց օր անց ստորերկրյա ցնցումների շարքը գրեթե  ավերել էր Ակվիլ քաղաքը եւ խլել երեք հարյուր մարդու կյանք:

Խոսելով 2012թ  մասին՝ փորձագետները հիշում են նաեւ «Սենդի» հզորագույն փոթորիկը: Քչերը կարող էին դա կանխատեսել, սակայն  Նյու Յորքի կլիմայական փոփոխությունների խորհրդի ղեկավարներից մեկը՝ Սինտիա Ռոզենցվեյգը, կանխատեսել էր եւ ժամանակին  ստիպել  կանխարգելման միջոցներ ձեռնարկել, գրում է  gazeta.ru-ն:

Ամսագիրը հիշել է նաեւ միկրոկենսաբան Ջո Հենդելսմանին, որը բարձրացրել էր «գիտության ոլորտում կնոջ դերի» հարցը, եւ Մայամիի համալսարանից  Էլիզաբեթ Յորնսին, որը հայտարարել էր, որ գենետիկական որոշ փարձարկումներ անհնար է կատարել:

Ամսագիրը հատուկ ուշադրություն է դարձրել այն պայքարին, որն սկսել է քեմբրիջցի մաթեմատիկոս Թիմ Գաուերսը հոլանդացի Elsevier հրատարակչության դեմ: Elsevier-ը  կտրուկ դեմ է  գիտական հոդվածների ազատ հասանելիությանը: Զայրացած Գաուերսը հրապարակայնորեն հրաժարվել է հրատարակչության հետ գործ բռնելուց եւ ստացել է հազարավոր գործընկերների աջակցությունը:

Ամսագիրը նաեւ նշել է կենսաբան Սեդրիկ Բլեյնփեյնի մոտեցման հիմնավորվածությունը, որը հայտնաբերել էր, որ հասուն մկների կաթնագեղձերը միայն որոշակի տեսակի ցողունային բջիջներ ունեն:

Տարվա մարդկանց ցուցակում հատուկ տեղ է զբաղեցնում Ցզյուն Վոնը՝ Պեկինի գենոմների  BGI ինստիտուտի տնօրենը: