Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ընդունել է Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Փոխվարչապետը դրական է գնահատել Արեւելյան Ատրպատականի եւ Հայաստանի Արմավիրի ու Սյունիքի մարզերի միջեւ համագործակցությունը` նկատելով, որ այն գործնական արդյունքներ է արձանագրում: Նա գոհունակություն է հայտնել վերջին շրջանում երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով շփումների ակտիվացման առնչությամբ: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է երկու բարեկամ երկրների միջեւ ապակենտրոնացված փոխգործակցության խորացումը եւ պատրաստակամ է աջակցել այդ մակարդակով կապերի զարգացմանը: 

Հյուրերը տեղեկություններ են ներկայացրել Հայաստանի գործընկեր մարզերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` նկատելով, որ փոխայցելությունները նպաստում են համագործակցության խորցամանն ուղղված նոր գաղափարների կյանքի կոչմանը: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ է առկա հատկապես գյուղատնտեսության ոլորտում, եւ Արմավիրի մարզի պատվիրակության` վերջերս Արեւելյան Ատրպատական կատարած այցի ընթացքում քննարկվել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ երկուստեք գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: