Boeing ընկերության ճարտարագետները իրենց ինքնաթիռների սրահներում Wi-Fi-ի որակը բարելավելու համար օգտագործել են 9 տոննա կարտոֆիլ։ Կարտոֆիլի պարկերն օգտագործվել են կամավոր ուղեւորների փոխարեն, քանի որ նրանք մարդկանց նման համագործակցում են էլեկտրոնային ազդանշանների հետ։

Թեստերը պետք է ցույց տային, թե ինչպես է դրսեւորվում անլար ազդանշանը ինքնաթիռի սրահի փակ տարածության մեջ։ Բանն այն է, որ խցիկում գտնվող ուղեւորները էկրանավորում են ռադիոազդանշանը եւ տեղափոխվելով՝ ինքնաթիռի ներսի ծածկույթում ստեղծում են Wi-Fi-ի ոչ միատարր դրսեւորում։ Որոշ գոտիներում ազդանշանը կարող է ընդհանրապես կորել, հայտնում է «Նոոսֆերա»-ն։

Հատուկ մշակված ալգորիթմներն ու վերլուծության համար նախատեսված գործիքները, ինչպես նաեւ կարտոֆիլի պարկերը թույլ են տվել  Boeing-ի ճարտարագետներին հասկանալ ինքնաթիռի մեջ «տաք» եւ «սառը» գոտիները։ Ապագայում այս տեղեկությունը թույլ կտա ավելի լավ կարգավորել անլար սարքավորումը։