Google-ը հաջորդ տարի կարող է սեփական սմարթֆոնը թողարկել: Նախագծի կոդային անվանումն է X Phone: Ենթադրվում է, որ այն կմրցակցի Apple-ի եւ Samsung-ի գաջեթների հետ:

The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով, ներկայումս Google-ի պրոֆիլային ստորաբաժանում Motorola Mobility-ն աշխատում է Droid սմարթֆոնների վրա, որոնք կվաճառվեն գործընկեր օպերատոր Verizon Wireless-ի կողմից, ինչպես նաեւ մշակում է X Phone-ը:

Սմարթֆոնի թողարկումից հետո, Motorola-ն, ինչպես սպասվում է, կարող է ընդլայնել X սարքերը պլանշետային համակարգիչներով:

2012-ի մայիսին 12,5 մլրդ դոլարով Motorola Mobility-ն ձեռք բերած Google-ը մտադիր էր սարք թողարկել, որը կտարբերվեր գոյություն ունեցող բջջային հեռախոսներից, այդ թվում ճկուն դիսփլեյով եւ գաջեթի ամրությունն ամրապնդելու համար նախատեսված կերամիկական տարրերով, սակայն հետագայում բախվեց դրանց արտադրության հետ կապված որոշակի դժվարությունների եւ հրաժարվեց այդ մտքից: