Սիրիայի սահմանին ՆԱՏՕ-ի տեղակայած Patriot զենիթահրթիռային համալիրներն ուղղված են ոչ միայն Սիրիայից, այլեւ Իրանից եկող սպառանալիքներին դիմակայելուն: Այդ մասին RT-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է դրանց տեղակայման նպատակներին, ես կարդացել եւ լսել եմ, թե ինչ են ասում փորձագետները. Եթե այն Սիրիայի տարածքից գնդակոծմանը դիմակայելու համար լիներ, ապա պետք է տեղադրվեր այլ կերպ: Տեղակայման վայրը վկայում է, որ դրանք պետք է կիրառվեն ամերիկյան ռադարի պաշտպանության համար, որն ամերիկյան հրթիռային պաշտպանության համակարգի մաս է` ստեղծված «Իրանի սպառնալիքից» պաշտպանվելու համար»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ «եթե դա այդպես է, ապա ավելի վտանգավոր է, քանի որ հավելյալ գայթակղություններ է ստեղծում», հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ում նախկինում էլ մտահոգություն էին հայտնել թուրք-սիրիական սահմանին ՆԱՏՕ-ի Patriot-ների տեղակայման հարցով:
Փաստացի, Patriot-ը տեղակայվում է Թուրքիայի նոյեմբերի 21-ի պաշտոնական հարցմանը համապատասխան: Անկարան վկայակոչում է «ազգային անվտանգության սպառնալիքները եւ վտանգները` կապված Սիրիայի շարունակվող ճգնաժամի հետ»:
Գերմանիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն առաջարկել են երկուական Patriot մարտկոցներ տրամադրել:





























