Մարալիկի տեքստիլ ֆաբրիկան պատրաստ է աշխատանքի ընդունել Սիրիայից ժամանած հայերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարալիկի «Հայտեքս» տեքստիլ ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Հակոբ Աղաբեկյանը:
Նրա խոսքով, սիրիահայ տեքստիլագործների փորձը շատ օգտակար կարող է լինել, հատկապես, որ ֆաբրիկան արդեն մի քանի տարի արտադրում է եւ պատրաստի սրբիչներ, եւ հագուստ:
«Թեթեւ արդյունաբերությունն այնտեղ բավական զարգացած է եւ նրանք մեզ շատ կօգնեն: Մենք մասնագետ ենք փնտրում, նրանք՝ աշխատանք: Չեմ վիճի. Մարալիկը Երեւան չէ, փոքր քաղաք է, բայց ի՞նչ պետք է անեն նրանք Երեւանում: Իսկ այստեղ նրանք նորմալ վարձատրվող աշխատանք կունենան: Բնակարանի հարցն էլ ես կլուծեմ, գործարանի կողքին հանրակացարան կա, որտեղ խորհրդային տարիներին տեղավորում էինք Մոլդովայից եկած հյուրերին: Իհարկե, առանց վերանորոգման հնարավոր չէ, բայց դա ես վերցնում եմ ինձ վրա»,-ասաց տնօրենը:
Սիրիահայ վարպետները, որոնք Աղաբեկյանի մոտ են եկել Երեւանից, հաշված րոպեների ընթացքում «մերոնքական» են դարձել: «Ինձ հենց ներկի լավ մասնագետներ են պետք, իսկ նրանք տեսնելով մեր պատրաստի արտադրանքը՝ սրբիչները, ասացին, որ ներկը բանի պետք չէ»,-ասել է տնօրենը, հավելելով, որ սիրիահայ վարպետների հետ մասնագիտական զրույցից հետո ավելի է համոզվել, որ իրեն հենց այդպիսի մասնագետներ են պետք:
Բամբակն ու տեքստիլագործությունը Սիրիայի համար իր ծավալներով երկրորդ ոլորտն է նավթարդյունաբերությունից հետո, որն ապահովում է արտահանումից ստացվող արժույթը: ճիշտ է, արտահանման մոտ 70 տոկոսն այստեղ մաքուր բամբակն է, այդուհանդերձ, մասնագետը մասնագետ է մնում եւ նրա համար ճամպրուկները հավաքծ նստելն այնքան էլ հաճելի զբաղմունք չէ:





























