Կովկասում պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են երկու միլիոն տարի առաջ ապրած Homo erectus խմբին պատկանող մարդկանց բնակավայրեր:
Բնակավայրերը, որ հայտնաբերվել են Դաղստանի կենտրոնական տարածքում կրում են Այնիկաբ 1 եւ 2, Մուխքայ 1 եւ 2, Գեգալաշուր 1-3 անունները: Նրանք վերագրվում են մարդկության պատմության ամենավաղ ժամանակաշրջանին՝ հոլդովանին։ Սրանք մարդկության ամենահին բնակավայրերն են Ռուսաստանի տարածքում, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին պատմել է հնագետ Հիզրի Ամիրխանովը։
Ժամանակակից մարդկանց նախնիների բնակավայրերը հայտնաբերվել են ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա գտնվող բարձրավանդակում։ Նրանք ունեն արտասովոր հզոր նստվածք՝ ամբողջ 80 մետր, նաեւ աննախադեպ թվով՝ ավելի քան 35 մշակութային շերտեր։ Ամիրխանովի խոսքով՝ մշակութային շերտերի ներքին հատվածը, որ կենդանական մնացորդներ է պարունակում, թվագրվում է մոտ 1,95 միլիոն տարի:
Թե ով է եղել այսքան հին մշակույթի կրողը, գիտնականները դեռ չեն կարող ասել։ Այս տարածքում բնակվող մարդկանց մնացորդներ դեռ չեն հայտնաբերվել, սակայն, որոշ նշանների առկայության պայմաններում, գիտնականները համարում են, որ դրանք կարող են լինել Homo erectus (ուղիղ քայլող) տեսակի մարդիկ։
Մասնագետների կարծիքով՝ ամենահետաքրքիր գտածոն Դաղստանի լեռնային տեղանքում հայտնաբերված հնագույն բնակավայրերում՝ ընձուղտի, փղի, եղջերուի եւ բորենու մնացորդներն են։





























