Պարզվել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ամերիկացուն սպանած կինն Իրանի քաղաքացի է, ով ամուսնու հետ Աֆղանստան է տեղափոխվել 10 տարի առաջ եւ նրա օգնությամբ կեղծ փաստաթղթեր ստացել:
Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Սեդիք Սեդիքին հայտնել է, որ կինն «անկայուն վարք» է դրսեւորել, սակայն քննությունը դեռեւս գրոհայինների հետ ոչ մի կապ չի հայտնաբերել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», կասկածյալի տանը խուզարկություն է անցկացվել, որտեղ իրանական անձնագիր է հայտնաբերվել: Նախաքննության ընթացքում կինը խոստովանել է, որ իր խնդիրն է եղել սպանել երկրի ՆԳՆ ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկան կինը գնդակահարել է 49-ամյա ամերիկացի խորհրդական Ջազեֆ Գրիֆինին: Վերջինս պայմանագրով աշխատում էր ՆԱՏՕ-ի համար:





























