Իրանի խորհրդարանը ինքնաթիռներին արգելել է թռիչքներ կատարել ազանի (պարտադիր աղոթքի կոչ) ժամանակ: Mehr գործակալությանը հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Թահերին:

Ըստ նրա` արգելքը հատկապես վերաբերում է առավոտյան աղոթքի կոչին:  Նա ընդգծել է, որ լուրջ ուշադրություն կդարձվի նաեւ օդանավակայաններում կամ ավիաընկերություններում աշխատող կանանց հագուստին:

Իրանի ավիացիոն կազմակերպության ղեկավար  Համիդ Ռեզա Փահլեւանին իր հերթին հայտարարել է, որ ինքնաթիռների թռիչքը կթույլատրվի ազանից 30 րոպե անց, որպեսզի ուղեւորները իրենց «կրոնական պարտականությունների կատարման համար» բավարար ժամանակ ունենան,  հայտնում է «Ինտերֆաքս ռելիգիան»:

Ազանն աղոթքի կոչ է, որը մզկիթի ծառայողը` մուեձինը, ազդարարում է մինարեթից: Ըստ իսլամի օրենքների`  յուրաքանչյուր մահմեդական պետք է աղոթի օրվա մեջ հինգ անգամ` առավոտյան,կեսօրին, կեսօրից հետո, երեկոյան եւ գիշերը: