Մի քանի տարի շարունակ մոլորակի բոլոր կրոնագետները՝ գիտնականների հետ միասին, փորձում են հասկանալ Բեթղեհեմի աստղի ֆենոմենը: Բոլորին հետաքրքիր է իմանալ, թե ինչ աստղագիտական երեւույթ է գուշակներին բերել նորածին Հիսուսի մոտ:

Առաջին մի քանի տեսությունները 1970-ական թվականներին հրապարակել է պրոֆեսոր Դեւիդ Հյուզը՝ Շեֆիլդի համալսարանից: Դրանից հետո տասնամյակներ շարունակ գիտնականն ուսումնասիրել է այդ երեւույթը եւ դրա հետ կապված աստվածաշնչյան պատմությունները:

Հիսուսին երկրպագելու եկածները ուսանել էին Բաբելոնում որպես աստղագետներ ու աստղաբաններ,  հետեւաբար, երկնքում Բեթղեհեմի աստղի հայտնությունը նրանց համար բացահայտում չէր: Նրանք դրան, ամենայն հավանականությամբ, սպասում էին:

Գիտնականը եկել է եզրակացության, որ այդ երեւույթն աստղ չի եղել, այլ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ոչ սովորական աստղագիտական իրադարձություն: Հյուզը վստահ է, որ Բեթղեհեմի աստղը երկնքում հայտնվել է մոլորակների եռակի դասավորվածության արդյունքում, երբ Սատուրնն ու Յուպիտերը Երկրի հետ մեկ գծի վրա են լինում: