Իրանը թույլ չի տա Սիրիային պարտադրել դրսի` «օտար, արեւմտյան որոշումներ» եւ կշարունակի առաջ քաշել կարգավորման իրանական ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

«Իրանական նախաձեռնությունը սիրիական խնդրի լուծման միակ տարբերակն է եւ մենք հուսով ենք, որ այդ ճգնաժամի կարգավորումը կիրականացվի մեր ծրագրով`չնայած շատ դժվար պայմանների: Եվ, թող բոլորն իմանան, որ Իրանը թույլ չի տա` Սիրիային պարտադրել օտար, արեւմտյան որոշումներ»,- ասել է Սալեհին, հաղորդում է ԻՐՆԱ իրանական տեղեկատվական գործակալությունը:

Իրանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ միայն ներսիրիական լայնազանգված երկխոսությունը կարող է Սիրիայում վերջ դնել երկու տարի շարունակվող արյունահեղությանը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», կարգավորման իրանական ծրագիրն ընդգրկում է 6 հիմնական ենթակետ. անհապաղ բռնության վերացում եւ ՄԱԿ-ի վերահսկողության հաստատում այլ երկրների կողմից Սիրիայում կենտրոնացված զենքերի եւ զինյալների վրա, հասարակությանը մարդասիրական օգնությունների ապահովում, միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացում եւ փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, ներսիրիական լայնազանգված երկխոսության սկսում` բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում ընդդիմության եւ գործող իշխանությունների մասնակցությամբ:

Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ազգային համաձայնության եւ անցումային կառավարության կազմավորում, Սահմանադրության բարեփոխման խորհրդի ստեղծում, ազատ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատագրում եւ երկրում արյունահեղության մասնակիցների հանդեպ դատական հետապնդում, Սիրիայի դեմ «տեղեկատվական» պատերազմի դադարեցում, նյութական վնասները գնահատող հանձնաժողովի ստեղծում եւ  միջազգային մասնակցությամբ Սիրիայում հակամարտության պատճառով ընդհատված տնտեսության վերականգնում: