«Իրանի ակտիվացումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում նորություն չէ: Իրանը միշտ էլ ունեցել է կառուցողական դիտորդի եւ սրտացավ հարեւանի կարգավիճակ ԼՂ խնդրում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանն ու հավելեց. «Իրանը շատ սերտ առեւտրական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Հայտնի է, որ Իրանը Հայաստանին համարում է միակ քրիստոնյա հարեւանը, որի հետ ունի քաղաքական, տնտեսական ու մշակութային երկխոսություն: Իրանը, բնականաբար, չի հրաժարվելու իր այս կեցվածքից»:
«Իրանը շատ լրջորեն հետեւելու է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Չեմ կարծում, որ նա ուղղակիորեն կներգրավվի այս գոծընթացում, որովհետեւ նրան դա թույլ չեն տա աշխարհի ուժեղները, բայց կարծում եմ, որ նրա ներկայությունը լինելու է կարեւոր գործոն, ինչպես եղել է միշտ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կա տեսակետ, ըստ որի՝ Իրանին ակտիվացնում է Ռուսաստանը, որպեսզի հնարավոր լինի էլի որոշ ժամանակով ձգձգել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը, Ա. Սաֆարյանն արձագանքեց. «ԼՂ խնդրի հանգուցալուծումը մի շատ պարզ հանգրվանի է հասել. Հայկական կողմը պնդում է, որ առաջնային է ԼՂՀ ինքնիշխանության հարգումը եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա խնդրի լուծումը, իսկ ադրբեջանցիները գտնում են, որ Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ: Այնքան պարզ է այս պատային իրավիճակը, որ դրանից ինչ-որ դրամատիկ իրավիճակ սարքել՝ ես չեմ կանխատեսում: Երկրորդ. Ես իրատեսական չեմ համարում, որ Ռուսաստանը մի երկիր է, որը կարող է Իրանին հակակշռել ԵԱՀԿ մյուս երկու գործող համանախագահ երկրներին` ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»:
Նա նաեւ ընդգծեց. «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ համանախագահների Սոչիում ձեռք բերված համաձայնությունից հետո սպասվում է շատ դժվարին ու ծանր աշխատանք, որովհետեւ նրանք պետք է համաձայնեցնեն այն երկու առաջարկների փաթեթները, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ները 2 շաբաթից կներկայացնեն իրենց»:




























