Այս պահի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ որեւէ պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նշենք, որ մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի մարզից արոտավայրերը 5 տարով կհատկացվեն իրանցի ֆերմերներին՝ 5000 գլուխ անասուն պահելու համար: Տեղեկատվության աղբյուրը իրանական IRNA գործակալությունն է: Հաղորդագրության համաձայն՝ Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի ղեկավարի Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ պետք է համաձայնագիր ստորագրվի Սյունիքի մարպետի հետ: Արոտավայրերի դիմաց Իրանը Հայաստանին գյուղտեխնիկա կտրամադրի եւ մսի վերամշակման արտադրամաս կհիմնի:
Ըստ Ա. Գեւորգյանի՝ հնարավոր է, նման գաղափարներ կան, այդպիսիք միշտ էլ ծնվում են առիթից առիթ՝ տարբեր մարզերի վերաբերյալ տարբեր ներդրողներ որոշակի ծրագրեր են առաջ քաշում: Սակայն կոնկրետ Սյունիքի մարզի հետ կապված որեւէ փաստաթուղթ չի շրջանառվում: «Բոլոր արոտավայրերը ՀՀ-ին պետք են եւ ամեն ինչ անելու ենք դրանէք մաքսիմում օգտագործելու համար»,- ասաց Ա. Գեւորգյանը:




























