ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ շուտով «Apple» ընկերությունը հնարավոր է իր տեսականին համալրի նոր արտադրանքով: Այս անգամ ամերիկյան հսկայի ուշադրությունը կենտրոնացել է ժամացույցի վրա:
«Apple»-ը «Intel»-ի հետ համատեղ ձեռնամուխ է եղել iOS-ի բազայի վրա «խելացի» ժամացույցների պատրաստմանը: Ենթադրվում է, որ նոր սարքը հնարավոր կլինի միացնել մույս «խնձորային» սարքավորումներին` «Bluetooth»-ի միջոցով: Ժամացույցները հագեցած են 1,5 դյույմանոց PMOLED դիսփլեյով: Տեխնիկական մյուս բնութագրիչներն առայժմ չեն բարձրաձայնվում:
Նման ապրանքատեսակները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում: Շուկայում արդեն կան նման առաջարկներ Sony-ից, որը կոչվում է «Smart Watch»:





























