Ինչպես բոլոր բնագավառների ներկայացուցիչները, այնպես էլ հայ աստղագետներն ամփոփել են 2012թ. արդյունքները. այն չափազանց հարուստ էր իրադարձություններով եւ ինչպես մի շարք նոր գիտական նվաճումների եւ ձեռքբերումների, այնպես էլ գիտության շարունակական չափազանց ցածր ֆինանսավորման պայմաններում գիտնականների նվիրական աշխատանքի տարի էր:

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցների կողմից ստացվել են մի շարք կարեւոր գիտական արդյունքներ աստղերի, աստղառաջացման տիրույթների եւ ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծման եւ այլ ուղղություններով: Հայնաբերվել են հարյուրավոր նոր տիեզերական մարմիններ: Տպագրվել է 35 գիտական աշխատանք միջազգային հեղինակավոր ամսագրերում, 3 էլեկտրոնային կատալոգ, 13 աշխատանք գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Տպագրվել է ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների 2011-ին Երեւանում կայացած կոնֆերանսի նյութերի ժողովածուն: ԲԱ աշխատակիցները մասնակցել են միջազգային գիտաժողովների աշխատանքներին եւ հանդես եկել 16 զեկուցումներով, ինչպես նաեւ դասախոսություններով: Տպագրվել են նաեւ մի շարք գիտա-հանրամատչելի հոդվածներ: ԲԱ գիտնականները սերտ համագործակցության մեջ են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եւ այլ երկրների աստղագիտական կենտրոնների հետ: Դրանց շրջանակներում եւ գիտաժողովների մասնակցության նպատակով տեղի են ունեցել 30-ից ավելի գործուղումներ: ԲԱ աշխատակիցները 2012թ. արժանացել են Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ) 3 դրամաշնորհի եւ ԳՊԿ եւ Ֆրանսիայի CNRS-ի համատեղ 1 դրամաշնորհի: Հայ աստղագիտությունը հաջողությամբ ներկայացվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Պեկինում կայացած, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Հռոմում կայացած եւ Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) Մոսկվայում կայացած համագումարներում եւ ԵԱԸ ազգային աստղագիտական ընկերությունների Շվեյցարիայում կայացած խորհրդակցությանը:

ԲԱ ստացել է Ազգային արժեքի կարգավիճակ եւ ներկայումս հանդիսանում է այդպիսի կարգավիճակ ունեցող ՀՀ 4 գիտական, կրթական եւ մշակութային հաստատություններից մեկը (Մատենադարան, ԵՊՀ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ԲԱ): Համապատասխանաբար, 2013-ին կավելանա ԲԱ ֆինանսավորումը, եւ գումարների զգալի մասը կուղղվի հայելապատման արտադրամասի վերաշահագործմանը եւ աստղադիտակների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հայելապատման արտադրամասի վերականգնման, ինչպես նաեւ «Ռոսկոսմոս»-ի հետ նախատեսվող տիեզերական աղբի ծրագրերը երկար սպասումներից հետո վերջապես սկսվել են 2012-ին: Սեպտեմբերին տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, եւ մրցանակի արժանացան Յան Էյնաստոն (Էստոնիա) եւ Իգոր Նովիկովը (Ռուսաստան): ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ստեղծվեց Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) համակարգչային նոր սերվերը, որի վրա տեղադրվել են մի շարք կիրառություններ:

«Անցկացված միջոցառումներից կարեւորագույններն էին սեպտեմբերին կայացած 4-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը եւ Անանիա Շիրակացիի 1400-ամյակին նվիրված «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով պատմա-աստղագիտական գիտաժողովը: Տարվա ընթացքում ԲԱ հանդիսանում էր Անանիա Շիրակացիի 1400-ամյակի տոնակատարության նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչը. այդ տարեդարձն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալից տարեդարձների ցանկում, ստեղծվել է Շիրակացիին նվիրված համացանցային կայք, անցկացվել են մի շարք միջոցառումներ: Ինչպես միշտ, ակտիվ գործունեություն է ծավալել Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ). այն ակտիվորեն մասնակցել է վերոհիշյալ միջոցառումներին, անցկացվել է ՀԱԸ տարեկան համաժողովը, թողարկվել ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրի 8 համար, հանձնվել է երիտասարդ աստղագետների համար սահմանված ՀԱԸ տարեկան մրցանակը, նոյեմբերին ՀՀ 30 դպրոցներում Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվել են դասախոսություններ պրոֆեսիոնալ աստղագետների կողմից, ԲԱ-ում հոկտեմբերին կազմակերպվել է աստղագիտական գրքի ցուցահանդես, նշվեցին հայ աստղագետների տարեդարձները, ամբողջ տարվա ընթացքում ակտիվորեն գործում էր գիտական լրագրության խումբը, որի շրջանակներում ՀԱԸ տարածել է մամուլի 103 հաղորդագրություն, տպագրվել են աստղագիտական օրացույցներ եւ գրքույկներ, ՀԱԸ համացանցային կայքում ստեղծվել են 2012թ. եւ 2013թ. «Աստղագիտական իրադարձությունների օրացույց», Արեգակի եւ Լուսնի 2001-2050թթ. խավարումների, «Աստղագիտական գրքերի տեղեկատու» եւ Անանիա Շիրակացիի էջերը: Սկսվել են 2013թ. կայանալիք ՄԱՄ պաշտոնական գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները. ստեղծվել է միջազգային գիտական կազմկոմիտե, որոշվել է հրավիրված զեկուցողների ցանկը եւ նախնական ծրագիրը, ստեղծվել է կայք, տարածվել է առաջին ազդագիրը:

Հայ երիտասարդ աստղագետները մասնակցել են մի շարք երիտասարդական կոնֆերանսների ու ամառային դպրոցների Վատիկանում, Շվեյցարիայում, Կանարյան կղզիներում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Հայ պատանիները հերթական անգամ փայլուն են հանդես եկել միջազգային աստղագիտական օլիմպիադայում` նվաճելով 1 ոսկե (Գեւորգ Մարտիրոսյան), 1 արծաթե (Արսեն Վասիլյանը) եւ 2 բրոնզե (Սիրանուշ Բաբախանովա եւ Վարդգես Մամբրեյան) մեդալ (թիմը ղեկավարում էին Մարիետա Գյուլզադյանը եւ Տիգրան Նազարյանը): Երեւանի ֆիզ.-մաթ. դպրոցում սեպտեմբերին անցկացվել է ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադա, որտեղ 16 մեդալներից 6-ը նվաճել են հայ պատանիները: Մայիսին Բյուրականում անցկացվել է նաեւ հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Հայկ Հարությունյանը վերընտրվել է ԲԱ տնօրենի պաշտոնում, ԲԱ փոխտնօրեն նշանակվեց Տիգրան Մաղաքյանը: Արեգ Միքայելյանը վերընտրվել է ԵԱԱԸ վարչության եւ «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական կազմակերպության անդամ: Ֆելիքս Ահարոնյանն ընտրվել է ՄԱՄ «Բարձր էներգիաներ եւ հիմնարար ֆիզիկա» բաժանմունքի փոխնախագահ: Վարդան Ադիբեկյանն արժանացել է երիտասարդ աստղագետների համար սահմանված ՀԱԸ 2012թ. տարեկան մրցանակի (Երվանդ Թերզյանի մրցանակ): Լեւոն Արամյանը որպես լավագույն մագիստրոս արժանացել է ՀՀ նախագահի տարեկան մրցանակի: ՀՀ ԿեւԳ կից Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանն արժանացել է Գալիլեյան ուսուցչի միջազգային վկայագրի: Ռոբերտ Սարգսյանը հրատարակել է «Վիկտոր Համբարձումյանի հետնորդերը» գիրքը: Վլադիմիր Հայրապետյանի կողմից պատրաստվել եւ առցանց թողարկվել է աստղագիտության դասագիրք: Արեգ Միքայելյանը պատրաստել է «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակ: