Sense about science (SAS)  բրիտանական կազմակերպությունը կազմել է 2012 թվականին գիտության տարբեր բնագավառներում կասկածելի հայտարարություններ արած հայտնի մարդկանց ամենամյա ցանկը:

Այս տարի ցանկում, մասնավորապես, ընդգրկվել է բրիտանացի հաղորդավար Սայմոն Քոուելը, ով Թվիթերում գրել է, որ իր տունը բուժող է գտել: Նրա խոսքով` այդ մարդը մի քանի օրվա ընթացքում «բուժել» է իր տունը` լցնելով այն դրական լիցքերով:

Ի լրումն սրա, սպորտի որոշ աստղեր սկսել են հասարակության մեջ երեւալ Kinesio բազմագույն սպեղանիներով, որոնք իբր բուժում են վնասվածքները: Այս միջոցի հետեւորդներ են «Մանչեսթր Սիթիի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին, թենիսիստներ Նովակ Ջոկովիչը եւ Սերենա Ուիլյամսը, ինչպես նաեւ կարճ տարածությունների մրցավազող Դույն Չեմբերսը. բազմագույն սպեղանուց օգտվել են նաեւ շատ մարզիկներ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ:

Կերակրի մեջ ամենատաօրինակ հավելումներից մեկն է համարվել չորացրած ընկերքներից պատրաստված  հաբերը, որը խորհուրդ է տվել օգտագործել ամերիկացի դերասանուհի Ջենյուարի Ջոնսը, գրում է «Լենտա.ռու»-ն:

Գիտնականներին վրդովվեցրել է հատկապես ամերիկացի կոնգրեսական Փոլ Բրաունի հայտարարությունն այն մասին, որ երկիր մոլորակն ընդամենը 9 հազար  տարեկան է: Ցուցակի մեջ ընդգրկվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին այն առաջարկով, որ ինքնաթիռներն այսուհետ բացվող պատուհաններով ստեղծվեն:

Ցուցակը կազմողները նշել են, որ հայտնի մարդկանց այդօրինակ մերկացումն անհրաժեշտ է, որպեսզի նրանց օրինակին չհետեւեն բազմաթիվ երկրպագուներ: