ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որը Պետդեպարտամենտին պարտավորեցնում է  քայլեր ձեռնարկել «արեւմտյան կիսագնդում Իրանին հակազդելու» ուղղությամբ։ 

«Արեւմտյան կիսագնդում Իրանին հակազդելու» մասին օրենքն ԱՄՆ-ի օրենսդիրներն ընդունել էին այս տարի։ Այն  ԱՄՆ-ի Պետդեպին կոչ է անում 180 օրվա ընթացքում տարածաշրջանում «Իրանի թշնամական աճող ներկայությանն ու աշխուժությանը» հակազդելու ռազմավարություն մշակել։

Փաստաթղթում ասվում է, որ ազգային անվտանգության դեպարտամենտը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ԱՄՆ-ի հետ Կանադայի եւ Մեքսիկայի սահմանի անվտանգությանը՝ կանխելու Իրանի գրոհայինների մուտքը Նահանգներ, գրում է MIGNews-ը։

Լատինական Ամերիկայի վերաբերյալ փաստաթղթի տեքստում միջգերատեսչական միջոցներ են նախատեսված՝ «ահաբեկչության դեմ պայքարին եւ ծայրահեղականությանը հակազդելուն զուգահեռ»։ Այսկերպ ԱՄՆ-ն տարածաշրջանում  Իրանի ազդեցությունը նվազեցնելու հույս ունի։