Պակիստանցիները նորից մուտք կունենան YouTube տեսահոլովակային համակարգ, որը փակվել էր կայքում հակաիսլամիստական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հայտնվելուց հետո: Շատերը համարում են, որ դրան նպաստել է Լոնդոնում բնակվող ձկնավաճառ Մուհամեդ Նազիրի երգի հոլովակը:
Պակիստանի ՆԳՆ ղեկավար Ռեման Մալիքը տեսահոսթինգի արգելքը վերացնելու մասին հայտարարել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը շարունակում է մնալ արգելափակված:
Լոնդոնում բնակվող ձկնավաճառ Նազիրը ձկան մասին One Pound Fish երգը հորինել է գնորդների ուշադրությունը գրավելու համար: Հոլովակը 7մլն. դիտում է ունեցել, որից հետո Warner Brothers ընկերությունը ձկնավաճառին պայամանագիր է առաջարկել եւ նրա կատարմամբ հոլովակ է նկարահանել:
Նա նաեւ տրիումֆով այցելել է Պակիստան` իր հայրենի Լախոր քաղաք: «Մոտ 250 մարդ, որոնց մեջ եղել են նաեւ քաղաքական գործիչներ, նրան դիմավորել են օդանավակայանում` վարդի թերթիկներ շաղ տալով եւ «Կեցցե One Pound Fish-ը» բացականչություններով, իսկ հեռուստատեսությունն ընդհատել է նախկին վարչապետ Բենազիր Բհութոյի սպանության 5-ամյակին նվիրված հաղորդումը, որ ուղիղ եթերով ցուցադրի նրա տուն վերադարձը»,- հաղորդում է «Պրավդա.ռու»-ն` վկայակոչելով Պակիստանի լրատվամիջոցները:
Պակիստանում, Սուդանում, Աֆղանստանում եւ Բանգլադեշում Youtube-ն ամբողջովին փակվել էր օգոստոսին` «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն այդ կայքում տեղադրելուց հետո: Մի շարք այլ մահմեդական երկրներում արգելափակվել էր միայն աղմկահարույց ֆիլմի հոլովակը:





























