Թեհրանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում քիչ հարստացված ուրանը միջուկային վառելիքի հետ փոխանակելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
«Մենք որեւէ խնդիր չունենք, որպեսզի մեր քիչ հարստացված ուրանը ուղարկենք արտասահման եւ մի քանի ամսից այն ետ ստանանք 20 տոկոսով ավելի հարստացված»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերել Associated Press-ը:
Ահմադինեջադն իր դժգոհությունն է հայտնել արեւմտյան երկրների բարձրացրած աղմուկի համար՝ նշելով. «Իրականում, չկա որեւէ խոչընդոտ միջուկային վառելիքի փոխանակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար»: Նրա խոսքով, եթե այդ համաձայնագիրը չտա անհրաժեշտ արդյունք, եւ 4-5 ամսից երկիրը չստանա միջուկային վառելիք, «այդ ժամանակ մենք իրավունք կունենաք ինքնուրույն արտադրել այն»:
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ն առաջարկել է Իրանին իր ուրանն արտահանել Ռուսաստան եւ Ֆրանսիա, որտեղ այն կհարստացնեն, կդարձնեն միջուկային վառելիք եւ կվերադարձնեն Իրանին: Դրանից հետո, Իրանը հայտարարել էր, որ ինքը ինքնուրույն կարտադրի իրեն անհրաժեշտ միջուկային վառելիքը:




























