Google եւ Yahoo! ինտերնետային հսկաները գումար են վաստակում ապօրինի բովանդակությամբ կայքերի միջոցով: Երկու կայքերն էլ ընդգրկվել են ապօրինի ռեսուրսներում գովազդ տեղադրող կայքերի շարքում: Այդ մասին նշվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Annenberg Innovation Lab խմբի զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 3-ին:

Հետազոտողները ուսումնասիրել են գողացված ֆիլմերով եւ երաժշտությամբ կայքերում տեղադրած գովազդը եւ պարզել են, որ դրանցում հայտնվում են Openx ցանցի միջոցով տեղադրված հայտարարությունները: Այդ ընկերության հաճախորդներից են The New York Post-ը, StartTribune-ը: Openx-ից հետո երկրորդ տեղում Google-ն է Double Click գովազդային ցանցով: Yahoo!-ն RightMedia ստորաբաժանումով 6-րդն է: