Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աջակցություն է հայտնել Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված երկրի նախագահ Բաշար Ասադի պլանին: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ Ասադն իր պլանի մասին բարձրաձայնել էր երեկ՝ հունվարի 6-ին:

«Մեր դիրքորոշման համաձայն եւ սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու նպատակով, Իրանը պաշտպանում է այդ երկրում հակամարտությունը դադարեցնելուն ուղղված նախագահ Բաշար Ասադի առաջարկած համապարփակ պլանը»,-հայտարարել է Սալեհին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 6-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճգնաժամից դուրս գալու փուլային ծրագիր էր առաջարկել, որը ենթադրում է նոր կառավարության ստեղծում եւ ազգային երկխոսության համաժողովից հետո համընդհանուր համաներման հայտարարում:

Ասադի խոսքով, ճգնաժամից դուրս գալու առաջին փուլը պետք է լինի ընդդիմադիր զինյալներին աջակցությունը դադարեցնելու վերաբերյալ  օտարերկրյա պետությունների պարտավորությունը: «Երկրորդ փուլում պետք է գումարվի ազգային երկխոսության կառավարական համաժողով, իսկ երրորդում ձեւավորվի նոր կառավարություն եւ համընդհանուր համաներում հայտարարվի»,-ասել էր նա՝ Սիրիայի ժողովրդին ուղղված իր ուղերձում: