Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը՝ ցածր հարստացված ուրանը միջուկային վառելիքի վերածելու համար փոխանակման համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին, ամենայն հավանականությամբ վկայում է, որ խնդիրը ստացել է իր վերջնական լուծումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

«Իրանի նախագահի հայտարարությունը չի կարելի պատահական համարել, եթե Ահմադինեջադը հրապարակայնորեն խոսում է այդ մասին, նշանակում է՝ հարցը քննարկվել է, եւ նման որոշում է կայացվել»,- կարծում է Ասատրյանը:

Միեւնույն ժամանակ փորձագետը չի բացառել հնարավորությունը, որ այդ քայլը Պենտագոնի վերջին՝ Պարսից ծոցում ռազմական հզորության մեծացմանն ուղղված յուրօրինակ պատասխանն էր: Ասատրյանի խոսքով, Թեհրանն այդ կերպ, հնարավոր է, փորձում է կանխել իրադարձությունների ռազմական զարգացումը:

Ընդ որում, ինչպես նշել է իրանագետը, ինչ սպառնալիքներ էլ հնչեն միջազգային հանրության կողմից, եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կողմից, «որեւէ մեկը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա»:

Հիշեցնենք, որ նախօրեին իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է ցածր հարստացված ուրանը փոխանակելու երկրի պատրաստակամության մասին: «Իրականում, որեւէ խոչընդոտ դրա համար չկա»,- ասել էր Իրանի նախագահը: