ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի րոպե առաջ հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր խորհրդական Ջոն Բրենանը կգլխավորի Կենտրոնական հետախուզական վարչությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նոր վարչակազմում պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի հանրապետական սենատոր (Նեբրասքա նահանգից) Չաք հեյգելը, ում Օբաման բնութագրել է որպես պրոֆեսիոնալ, ով հասկանում է, որ «Ամերիկան իր զինվորներին պատերազմ է ուղարկում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:
Օբամայի առաջին նախագահական ժամկետում 57-ամյա Ջոն Բրենանը կենտրոնական դեր է խաղացել Պակիստանում, Եմենում եւ Սոմալիում ահաբեկիչներին ոչնչացնելու գործում: Նա դարձել է նախագահի ամենավստահելի խորհրդականներից մեկը:
Նախագահ Օբաման ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում Բրենանի թեկնածությունը քննարկել է դեռեւս 2009-ին, սակայն այն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանները հանդես էին եկել բողոքներով, պնդելով, որ Ջորջ Բուշի իշխանավարման տարիներին, լինելով ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյա, Բրենանը պաշտպանել է, կամ առնվազն չի բողքել հարցաքննությունների ժամանակ այնպիսի մեթոդների դեմ, որոնք համարվում են խոշտանգում:
Բրենանն այն ժամանակ հերքել էր այդ մեղադրանքները, բայց հրաժարվել էր ԿՀՎ նախագահի պաշտոնից: Այդուհանդերձ, ավելի ուշ շատ իրավապաշտպաններ հիացել էին Բրենանի վարքով, ով անկեղծորեն ու հրապարակայնորեն հայտարարեց, որ Գուանտանամոյի բանտը պետք է փակվի:
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, Բրենանը եղել է «Ալ Կաիդայի» դեմ պայքարի առաջին գծում եւ վերջին 4 տարիներին մասնակցել է ազգային անվտանգությանը վերաբերող գրեթե բոլոր առանցքային որոշումների կայացմանը: Ջոն Բրենանը կուսակցական չէ:




























