Sony ընկերությունը CES 2013 ցուցահանդեսում ներկայացրել է Xperia Z «ֆլագմանյան» սմարթֆոնը՝ 5 դյույմանոց էկրանով, որն ամենամեծն է ընկերության հեռախոսների շարքում:

Xperia Z-ի էկրանի որակը կազմում է 1920*1080 կետ (Full HD): Հեռախոսն ունի Snapdragon S4 Pro պրոցեսոր եւ երկու գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Xperia Z-ը չի վախենում փոշուց եւ ջրից: Այն կարելի է պահել ջրի շիթի տակ եւ մեկ մետր ընկղմել  ջրի տակ, գրում է Lenta.ru-ն:

Նոր սմարթֆոնը երկու տեսախցիկ ունի, մեկը՝ 2 մեգապիքսել, մյուսը՝ 13 մեգապիքսել:

NFC-ի օգնությամբ սմարթֆոնի տվյալները հպումով կարելի է փոխանցել այլ սարքերի, ասենք հեռուստացույցների: Այդկերպ սմարթֆոնի տերը կարող է հեռուստացույցի էկրանին տեսնել հեռախոսում առկա լուսանկարներն ու տեսանյութերը:

Միաժամանակ Xperia Z Sony-ն ներկայացրել է Xperia ZL-ը՝ նմանատիպ բնութագրիչներով: Սմարթֆոնները միմյանցից տարբերվում են չափսերով. Xperia Z-ը բարակ է, իսկ Xperia ZL-ը նաեւ կարճ է: Երկու սարքերն էլ աշխատում են Android 4.1-ով: Սարքերը վաճառքի կհանվեն 2013-ի առաջին եռամսյակում: Նրանց գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: