Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը մեկնել է Հյուսիսային Կորեա՝ չնայած Պետդեպարտամենտի զգուշացումներին:
Associated Press-ը հայտնում է, որ Շմիդտը ԿԺԴՀ է մեկնել Նյու Մեքսիկո նահանգի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի ղեկավարած պատվիրակության կազմում: Պատվիրակները Փհենյան են մեկնել Air China ավիաընկերության ինքնաթիռով:
Ռիչարդսոնն ավելի վաղ հայտնել էր, որ պատվիրակությունը Հյուսիսային Կորեա կմեկնի մարդասիրական առաքելությամբ: Նա նաեւ նշել էր, որ Շմիդտը ցանկանում է ավելի շատ բան իմանալ ԿԺԴՀ-ի տնտեսության եւ այդ երկրի սոցիալական մեդիայի մասին:
Սպասվում է, որ ամերիկացիները հանդիպումներ կունենան երկրի մի շարք քաղաքական գործիչների, բարձրաստիճան զինվորականների եւ տնտեսագետների հետ, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Էրիկ Շմիդտի ԿԺԴՀ ուղեւորվելու լուրը հայտնի էր դարձել 2013-ի հունվարի սկզբին: Google-ի թոփ մենեջերի մտադրությունը դուր չէր եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ուղեւորության համար անհաջող ժամանակ է ընտրվել:





























