Իրանն ու Իսրայելն արտահայտվել են Պետնագոնի ղեկավարի պաշտոնում Օբամայի կողմից Չաք Հեյգելի թեկնածության ներկայացման առթիվ: Իրանի իշխանությունները կողմ են արտահայտվել այդ թեկնածությանը, մինչդեռ Իսրայելը անհանգստություն է արտահայտել նրա հնարավոր նշանակման առնչությամբ:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի խոսքով, Իրանը հույս ունի, որ այդ պաշտոնում Հեյգելի հաստատման դեպքում երկու երկրների հարաբերությունները դրական փոփոխություններ կկրեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իր հերթին, Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ «հրաշալի մեկուսացման տեսությունը», որին կողմ է արտահայտվում Հեյգելը, կարող է ազդել ԱՄՆ միջազգային ռազմավարության վրա եւ այդ փոփոխությունները Իսրայելի համար անհանգստության առիթ պետք է դառնան: «Հրաշալի մեկուսացում» եզրն օգտագործվում է սահմանալեւ համար քաղաքականությունը, որը ենթադրում է հրաժարում երկարաժամկետ միությունների կնքումից, պարզաբանել է «Վզգլյադը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 7-ին հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի հանրապետական սենատոր (Նեբրասքա նահանգից) Չաք հեյգելը, ում Օբաման բնութագրել է որպես պրոֆեսիոնալ, ով հասկանում է, որ «Ամերիկան իր զինվորներին պատերազմ է ուղարկում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Սպասվում է, որ Հեյգելի թեկնածության հաստատումը կարող է դիմադրության հանդիպել Սենատում, որի պատճառը նրա դիրքորոշումն է Մերձավոր Արեւելքի հարցում: Նախկինում Հեյգելի հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսը գտնվում է «հրեական լոբբիի» կրկնկի տակ, մեծ աղմուկ էր բարձրացրել: Բացի այդ, Հեյգելը հայտարարել էր, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել «ՀԱՄԱՍ»-ի եւ Իրանի հետ: