Դոմբայում հսկայական գնդի մեջ սահելը երկու ռուսների համար ողբերգությամբ է ավարտվել: Դենիս Բուրակովը եւ Վլադիմիր Շչերբակովը հրահանգիչների օգնությամբ մտել են հսկայական գնդի մեջ, որը գլորել են լեռնալանջից: Սակայն գունդը շեղվել է նախանշված ճանապարհից եւ գլորվել դեպի անդունդը: Գունդը գտնվել է սառցակալած Սիրամարգի աչք կոչվող լճի մոտի դժվարամատույց տեղանքում, հաղորդվում է հանրապետության Քննչական կոմիտեի կայքում:

Երբ երիտասարդներին գտել են, Դենիս Բուրակովը դեռ ողջ է եղել, բայց ողնաշարի կոտրվածք է ունեցել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Երկրորդ երիտասարդը ուղեղի ցնցում եւ թեթեւ վնասվածքներ է ստացել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Կատարվածը տեսագրել են զոհվածի ընկերները: Ցանցում տեղադրված հոլովակում երեւում է, որ հսկայական գնդում սահելը թանկարժեք զբաղմունք չէ: «Ի՞նչ արժե» հարցին գունդը ճակատագրական ուղի ուղարկած անձը պատասխանում է. «300 ռուբլի»:

«Ի՞նչ է կատարվում», - հարցնում է կադրից դուրս ձայնը, երբ գունդը շեղվում է ուղուց: «Վթար», - պատասխանում են նրան: