Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը որոշել է նոր մեթոդոլոգիայով հաշվարկել Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը: Այդ նպատակով կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որն ընդգրկվել է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում:
Առաջին փուլում պետք է հաշվարկվի 15-74 տարեկան անձանց թվաքանակը: Այնուհետ կհաշվարկվի ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ եւ դայլ-ափ (dial-up) բաժանորդագրությունները:
Հաջորդ քայլը առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թվի հաշվարկն է, որը ներառում է ՅուԷսԲի (USB) մոդեմները եւ շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները:
Այնուհետ կհաշվարկվեն ստանդարտ շարժական կապի բաժանորդագրությունները` լայնաշերտ կապի 256 Մբ/վ եւ ավելի արագություններով:
Նշենք, որ ներկայում ՀՀ-ում ինտերնետից օգտվողների թիվը հաշվարկվում է Հեռահաղորդակցության միջազգային միության մեթոդոլոգիայով, որը ճշգրիտ չի համարվում: Ըստ այդմ՝ ներկայում ինտերնետից օգտվում է մոտ 350 հազ. մարդ, իսկ եթե հաշվի առնենք բջջային կապի միջոցով ինտերնետից օգտվողներին՝ մոտ 1,5 մլն մարդ:





























