Թուրքիայի եւ Իրանի միջեւ կա գաղտնի պայմանավորվածություն, ըստ որի, Թուրքիան Իրանից ստացած գազի դիմաց վճարում է ոսկով...

Ստամբուլի միջազգային օդանավակայանի ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածելի խմբի անդամների, որոնք կրում էին միեւնույն տեսակի եւ գույնի ուսապարկեր։ Պարզվել է, որ ուսապարկերում գտնվել է ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբին պատկանող մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, որոնք պետք է տեղափոխվեին Դուբայ։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝  ոստիկանությունը բերման ենթարկած անձանց ուսապարկերից հանել է 320 կտոր ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 27 կգ։  Ոսկի տեղափոխողները նշել են, թե օրինական ճանապարհով են այն տեղափոխում՝ շեշտելով, որ ոսկին պատկանում է թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ադրբեջանցի ամուսնուն՝ Ռեզա Զարաբին։

Ոստիկանությունը ստուգումներից հետո բաց է թողել ոսկի փոխադրող 12 գործակալներին, սակայն նրանք չեն հասցրել Դուբայ մեկնող օդանավին եւ հաջորդ օրն արդեն 20 հոգով են մեկնել Դուբայ։

Թուրքական կայքն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի եւ Իրանի միջեւ կա գաղտնի պայմանավորվածություն, ըստ որի, Թուրքիան Իրանից ստացած գազի դիմաց վճարում է ոսկով, ինչն իրականացվում է Դուբայի միջոցով։ Ոսկին Դուբայ հասնելուց հետո նավերով տեղափոխվում է Իրան: