Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն իր համակարգչի վեբ տեսախցիկը փաթաթել է սքոթչով: Նա այդ քայլին դիմել է՝ պաշտպանվելու համար հաքերների կողմնակի դիտումներից։ Այդ մասին նախագահը հայտարարել է անձնական տվյալների պաշտպանության խնդրին վերաբերող ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

«Նախագահի այն մտավախությունը, որ վեբ տեսախցիկը կարող է հայտնվել հաքերների ձեռքում, արդարացի է»,- հայտարարել է էստոնիայի CERT համակարգչային անվտանգության ծառայության ղեկավար Հիլար Աարելայդը։

Նրա խոսքով՝ կան այնպիսի ծրագրեր, որ հաքերներին թույլ է տալիս վերահսկել վարակված համակարգիչն ու դրան կցված սարքավորումները։ «Վիրուսային ծրագրերի ապահովման օգնությամբ դա այդքան էլ դժվար չէ։ Տեսախցիկի միջոցով, հեռավորության վրա հնարավոր է վերահսկել համակարգչին միացած այլ սարքավորումներ (տպիչ, խոսափող եւ այլն)։ Տվյալ պահին չօգտագործվող սարքավորումներն, անվտանգության տեսանկյունից կարելի է անջատել»,- ավելացրել է նա։