Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի 2013թ-ի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Այս մասին այսօր` հունվարի 10-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ նիստի ընթացքում եւս մեկ անգամ վերահաստատվել է, որ ընտրությունները պետք է անցնեն բավականին բարձր մակարդակով:

«Իշխող քաղաքական ուժը կարեւորում է այս ընտրություններին ժողովրդավարական լինելը եւ մենք ունենք քաղաքական կամք, որ այս ընտրությունները լինեն լավագույնը նախագահական ընտրությունների շարքում` մեր պետության անկախ պատմության ընթացքում»,-ասաց նա, հավելելով, որ քարոզարշավին վերաբերող հարցեր եւս քննարկվել են, բայց հիմնականում այդ հարցերին կանդրադառնան շտաբի նիստերի ժամանակ, որոնք կսկսվեն առաջիկայում:

Հարցին, թե երբ արդեն հայտնի է նախագահի թեկնածուների անունները, նրանցից որեւէ մեկն առանձնացվե՞լ է, որպես Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.«Ոչ ՀՀԿ-ն, ՀՀԿ-ի նախագահը իր ելույթների ժամանակ, իր ամբողջ գործունեության ընթացքում ապացուցել է, որ ՀՀԿ-ն, ոչ թե ընդդեմ թեկնածուների  է պայքարում, այլ պայքարը կլինի հանուն ավելի ապահով, անվտանգ Հայաստանի կառուցման: Ավելի ապահով ընտանիքների եւ հանուն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:Մենք հարգանքով ենք մոտենում բոլոր թեկնածուներին, բայց ինչպես ասել էի ամիսներ առաջ, պայքարը կգնա այլ տեղերի համար»: