NASA-ի մասնագետները գրեթե իսպառ բացառում են 2036թ. Ապոֆիսի բախումը Երկրի հետ: Նրանք նման եզրահանգում են կատարել հունվարի 9-ին Երկրից 15 մլն կմ հեռավորությամբ թռչող Ապոֆիսին հետեւող մի քանի աստղադիտարանների տվյալների հիման վրա:
Բախման հավանականությունը, ըստ գիտնականների, միլիոնից մեկ հարաբերակցությունից էլ պակաս է:
«Մենք գրեթե իսպառ բացառում ենք 2036թ. Ապոֆիսի բախումը Երկրի հետ», - ասել է Դոն Յեոմանսը՝ Երկրին մոտեցող օբյեկտների ուսումնասիրման լաբորատորիայի ղեկավարը: Ըստ նրա՝ երկնաքարը «գրեթե անվնաս» է, մեջբերում է «Ռուսաստանի ձայնը»:
Ապոֆիս երկնաքարը, որն անվանվել է հին եգիպտական չարիքի եւ ավերածությունների աստծո անունով, բացահայտվել էր 2004թ.: Հաշվարկները ցույց էին տվել, որ 2029թ. Ապոֆիսի եւ Երկրի բախման 2,7%-ի հավանականություն կա, այդ պատճառով այն նաեւ կոչում են «Աշխարհի վերջի երկնաքար»:
Սակայն հետո գիտնականները բացառել էին այդ վարկածը. Հաշվարկները ցույց էին տվել, որ 2029թ. ապրիլին երկնաքարը Երկրից 37,6 հազ. կմ հեռավորությամբ կթռչի, իսկ բախման վտանգը 2036թ. կլինի: Այժմ դրա հավանականությունը գրեթե բացառվում է:





























