Apple ընկերությունը հերքել է iPhone սմարթֆոնի բյուջետային տարբերակ թողարկելու մասին լուրը: Մարքեթինգի տնօրեն Ֆիլ Շիլլերը չինական Shanghai Evening News-ին հայտնել է, որ Apple-ը iPhone-ի էժան տարբերակներ չի արտադրի:
«Դա այն ուղղությունը չէ, որով ցանկանում ենք տանել մեր արտադրանքը», - ասել է նա:
Այս շաբաթ տեղեկատվություն էր տարածվել, որ ընկերությունը մտադիր է iPhone սմարթֆոնի էժան տարբերակներ արտադրել, որոնք շուկայում հայտնվելու էին մինչեւ ընթացիկ տարվա վերջ՝ 99-ից 149 դոլար արժեքով:
Շիլլերը նաեւ նշել է, որ Apple-ի ձեռքում է սմարթֆոնների շուկայի 20%-ը, սակայն նա ստանում է այդ շուկայի եկամտի 75%-ը՝ շնորհիվ iPhone-ի բարձր շահութաբերության:
Միաժամանակ, Շիլլերի խոսքերը չեն նշանակում, թե Apple-ը iPhone-ի նվազ թանկարժեք մոդել չի մշակում, գրում է թերթը: Թոփ մենեջերը հերքել է էժանագին տարրերով սարքի ստեղծումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Apple-ի կողմից էժան iPhone-ի թողարկման մասին լուրերը պարբերաբար տարածվում են, սակայն առայսօր դրանք պաշտոնապես չեն հաստատվել:





























